Ադրբեջանի ակտիվությունը մտահոգիչ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հատկապես, որ դրանք զուգահեռ են ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին: Ադրբեջանը փորձում է ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ», - նշեց նա:
Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը բարձրաձայնում է այս միջադեպերի մասին, ԵՄ դիտորդական առաքելությունը նույնպես արձանագրում է դեպքերը:
Ըստ նրա՝ ագրեսիան զսպելու լավագույն ճանապարհը դեպի խաղաղություն շարժվելն է:
«Հայաստանի կառավարությունն արդեն արել է առավելագունը՝ ցույց տալու իր հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին: Մեր կոչն է, մեր պահանջն է միջազգային գործընկերներին, որ զսպեն Ադրբեջանին ու բերեն կառուցողական դաշտ», - ընդգծեց Խանդանյանը: