Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Էմման 2016 թվականի հունվարի 22-ին ամուսնության նպատակով ակնհայտ անչափահաս՝ 2000 թվականի սեպտեմբերի 24-ին ծնված 15-ամյա Մանուկ Ս.-ի հետ իր բնակավայրից մեկնել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկը ու փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել տղայի հետ:
Փոխադարձ համաձայնությամբ Էմման պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 15-ամյա Մանուկի հետ, արդյունքում հղիացել է:
2016 թվականի հոկտեմբերի 23-ին 16 տարին նոր բոլորած Մանուկ Ս.-ն հայր է դարձել՝ ծնվել է Մանուկի ու Էմմայի որդին:
Անչափահաս՝ ակնհայտ 16 տարին չբոլորած տղայի հետ սեռական հարաբերություններ ունեցած չափահաս Էմմա Խ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2 –րդ մասի 3-րդ կետով:
Սովորաբար այս հոդվածով, հոդվածի տվյալ մասով դատվողները տղամարդիկ են, ովքեր, չափահաս լինելով, սեռական հարաբերությունների մեջ են մտնում, փաստական ամուսնական հարաբերություններ են հաստատում անչափահաս, մասնավորապես՝ ակնհայտ16 տարին չբոլորած աղջիկների հետ: Տվյալ գործը առանձնանում է, ամբաստանյալը չափահաս կին է, տուժողը՝ դեռևս անչափահաս տղա՝ ներկայումս էլ նրա 18-ը դեռ չի բոլորել: Մանուկը դատարան էր ներկայանում օրինական ներկայացուցչի՝ մայրիկի հետ…
Էմմա Խ.-ի կարգավիճակը դատական ակտում նշված է՝ չամուսնացած:
Դատարանում Էմման իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Տուժող տղան ու նրա օրինական ներկայացուցիչը հայտնել են, թե Էմմա Խ.-ից բողոք, պահանջ չունեն և չեն ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Դատարանը հաշվի է առել, որ Էմմա Խ.-ն նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, նրա խնամքին է մանկահասակ որդին:
Էմմա Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այդ պատիժը Էմմայի նկատմամբ պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է 1 տարի փորձաշրջան: