00:00:00

ԱՄՆ դեսպանը մասնակցել է Հայաստանում Խաղաղության կորպուսի 16 կամավորների երդման արարողությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վարել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի 16 նոր կամավորների երդման կարգը։ Սա կամավորների առաջին խումբն է, որ ժամանել է Հայաստան 2020 թվականից հետո, երբ ԽԿ բոլոր կամավորներն էվակուացվեցին Կովիդ-19 համավարակի պատճառով։

Կամավորներն ավարտեցին հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կծառայեն հաջորդ երկու տարվա ընթացքում։ Հյուրընկալող հայ ընտանիքներում ապրելով՝ կամավորների մի մասը կհամագործակցի դպրոցների անգլերենի ուսուցիչների հետ՝ աջակցելու աշակերտներին բարելավել անգլերենի իրենց հմտությունները։ Կամավորների մի մասն էլ կաշխատի երիտասարդների և երիտասարդական աշխատողների հետ՝ օգնելով երիտասարդներին դառնալ արդյունավետ և քաղաքացիական ներգրավվածություն հանդես բերող չափահասներ։

«Այսօր ԽԿ հայաստանյան գրասենյակի և մեր բոլոր գործընկերների համար կարևոր օր է․ մենք տոնում ենք ԽԿ կամավորների վերադարձը Հայաստան։ Երկու օրից մեր կամավորները կմեկնեն իրենց ծառայության վայրեր՝ Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր, որտեղ կաշխատեն տեղի իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելու աշակերտներին, ուսուցիչներին և հայ երիտասարդներին»,- ասաց ԽԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին։

Մոտ 200 մարդ էր ներկա միջոցառմանը, այդ թվում՝ ՀՀ կառավարության անդամներ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, Խաղաղության կորպուսի նախկին և ներկա կամավորներ, կամավորներին հյուրընկալող հայ ընտանիքներ, ինչպես նաև մեր ծրագրերի միջազգային և տեղական գործընկերներ։

Խաղաղության կորպուսի մասին

Խաղաղության կորպուսը միջազգային ծառայողական ցանց է, որը կազմված է կամավորներից, համայնքի անդամներից, հյուրընկալող երկրի գործընկերներից և անձնակազմից, որոնք ոգեշնչված են աշխարհում խաղաղություն և բարեկամություն հաստատելու Խաղաղության կորպուսի առաքելությամբ։ Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ ԽԿ կամավորները իրենց համայնքների անդամների հետ աշխատում են կրթության, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, համայնքի տնտեսական զարգացման և երիտասարդության զարգացման ոլորտներում տեղական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի վրա։ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին նախագահ Ջոն Ֆ․ Քենեդիի կողմից։ Այդ օրվանից ի վեր ավելի քան 240 000 ամերիկացի ծառայել է աշխարհի 142 երկրում։

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին

1992 թվականին ՀՀ կառավարության հրավերով Հայաստանում մեկնարկեց Խաղաղության կորպուսի ծրագիրը։ 1992-ից ի վեր Խաղաղության կորպուսը նպաստել է Հայաստանում խաղաղության և բարեկամության հաստատմանը՝ միաժամանակ աջակցելով կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ ԽԿ կամավորները նաև սովորեցրել են հայերին ամերիկյան մշակույթի մասին, իսկ ԱՄՆ վերադառնալով՝ իրենց հայրենակիցներին իրազեկել են հայ մշակույթի մասին։

1992 թվականից ի վեր ավելի քան 1100 ԽԿ կամավոր է ծառայել Հայաստանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր