Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր և Մարտունու շրջանի Ճարտար համայնքներում, բնակչությանը տեղեկացրել վերջին ամիսներին Արցախի ապագայի տեսլականի ձևավորման ուղղությամբ կատարած աշխատանքների, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ստեղծման նպատակների մասին:
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ վերջին ամիսներին լայն քննարկումների արդյունքում ձևավորված տեսլականի հիմքում այն նույն նպատակն է, ինչի համար սկսվել է Արցախյան շարժումը՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ:
Ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները՝ նա նշել է, որ փորձ է արվել ոչ միայն գնահատել ներկա իրավիճակն ու հետագա քայլերը, այլև հաշվի առնել անցյալի դասերը, ինչը կարևոր է հասկանալու համար ներկա իրավիճակի պատճառները և բացառելու սխալների կրկնությունը:
«Արցախ-2035» տեսլականը ձևավորվել է ընդհանուր քննարկումների արդյունքում, որին մասնակցել են տարբեր մասնագիտությունների, հանրության տարբեր շերտերի և սերունդների մարդիկ, քաղաքական չորս ուժերի ներկայացուցիչներ: «Ընդհանուր նպատակը նույնն է, ինչ 35 տարի առաջ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ նպատակը դառնա իրականություն, որ Արցախը մնա անվտանգ, ազատ, երջանիկ եւ հայկական,- ասել է Ռուբեն Վարդանյանը: - Մենք հստակ սահմանել ենք 6 կարմիր գիծ, որոնց խախտումն անթույլատրելի է, նշել ենք առանցքային մարտահրավերները, դրանց դիմակայելու ճանապարհներն ու այն հիմնասյուները, որոնց վրա պետք է հենվենք մեր պայքարում: Սրանք ուղղակի հայտարարություններ չեն. ամեն նախադասության տակ կա գաղափար, նպատակ, ճանապարհային քարտեզ»:
Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման նպատակների մասին՝ նշելով, որ այն միավորող ու համախմբող կարևոր դեր պետք է խաղա. «Այն իր շուրջ բազմաթիվ մարդկանց է համախմբել, որոնք հանուն ընդհանուր գաղափարի ու նպատակի՝ հանուն Արցախը հայկական պահելու, մի կողմ են թողել իրենց տարաձայնություններն ու հավակնությունները և պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու»:
Նա պատասխանել է նաև բնակիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի ապագային ու նրա շուրջ տիրող զարգացումներին: Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել մարդկանց հետ ուղիղ շփումը, կատարված աշխատանքների մասին հանրությանը տեղեկացնելն ու հետադարձի կապի պահպանումը: «Ես վստահ եմ, որ միավորվելով, իրար մեջ այդ ուժը գտնելով կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ։ Մեկ օրվա հարց չէ, դրա համար երկար ճանապարհ պետք է անցնենք, բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ կարող ենք հաղթահարել: Դրա համար եկեք վերադառնալով մեր արմատներին՝ նայենք առաջ, պինդ լինենք, վստահ լինենք, որ ունենք մի ճանապարհ՝ պահպանել Արցախը անվտանգ, երջանիկ, ազատ եւ հայկական»։