00:00:00

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն դոլարի վնաս. տեղեկագիր

19:36, 10 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

 

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 150-րդ օրվա տեղեկագիրը:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1220 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 5 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար (իսկ վերջին օրերին ԿԽՄԿ միջոցով հիվանդների տեղափոխման անհնարինության պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 2՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ)։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ

Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (150 օրվա ընթացքում մարդկանց 367.500-ի փոխարեն՝ 1839 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 5 օրում գրանցվել է քաղաքացիների 2 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 54 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (150 օրվա ընթացքում 138.000-ի փոխարեն՝ 2558 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 5 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 51 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (150 օրվա ընթացքում մոտ 60.000 տոննայի փոխարեն՝ 4623 տոննա, որից վերջին 5 օրվա ընթացքում՝ միայն 131 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 84 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 121 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20.1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
 

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.300 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 32 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր