Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 4-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարի արձագանքին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձին։ Այս մասին գրում է iz.ru-ն:
Պեսկովը նշել է, որ Պուտինը միշտ հանգիստ և հավաքված է մնում նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։
«Գիտեք՝ նման ծանր, արտակարգ իրավիճակներում նախագահը միշտ մնում է հանգիստ, հավաքված, հստակ իր գնահատականներում, հրամաններում, որ տալիս է։ Ուստի այս առումով ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Կիևի այս հարձակումն իրականացվել է Վաշինգտոնի թելադրանքով։
Նախօրեին՝ մայիսի 3-ին, նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր Կրեմլում Պուտինի նստավայրին անօդաչու թռչող սարքերով հարվածելու փորձի մասին։ Միջադեպը դիտարկվել է որպես պետության ղեկավարի դեմ մահափորձ։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հարձակման դեպքի առթիվ։