00:00:00

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը հակասում է զինադադարի համաձայնությանը․ Կատրին Կոլոննա

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

«Եթե Ադրբեջանը մտահոգություններ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար, ոչ թե միակողմանի քայլեր ձեռնարկելը։ Արդար և կայուն խաղաղություն նշանակում է խաղաղություն, որը հարգում և պաշտպանում է մարդու իրավունքները։ Մենք գործում ենք մեր ժողովուրդների համար և ցանկանում ենք, որ մարդասիրական քայլերը նպաստեն բանակցությունների համար լավ մթնոլորտի ձևավորմանը, լինեն դրանք ռազմագերիների, անհետ կորածների հարցերը, թե մի շարք այլ դժվարին թեմաներ։ Մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի։ Շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, դա ընդունելի չէ, դա չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին և մարդասիրական ճգնաժամի ռիսկեր է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,- ասաց Կոլոննան։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց՝ ցանկանում են, որ բանակցություններ վարվեն ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների շուրջ։ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության, անվտանգության մեջ՝ իր մշակույթի և ավանդույթների նկատմամբ հարգանքով»,- նշեց Կատրին Կոլոննան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր