Տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից։
Հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ․
«Ես դա ասել եմ նաև Բաքվում։ Ադրբեջանական ուժերի առաջխաղացումներին հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգել։ Հակառակը կասեինք, եթե դուք առաջխաղացում ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան»,-նշել է Կոլոննան։
Նա ընդգծել է, որ չեն կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից։
Արտգործնախարարը նաև նշել է, որ Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում։
«Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների ապագայի և երկու երկրների բնակչությունների համար»,- ասել է Կոլոննան: