armtimes.com-ը գրում է, որ իրենց տեղեկություններով, ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում տեղի ունեցած դեպքով երեկ գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայրական տանը, որտեղ նաեւ նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն է ապրում:
Հիշեցնենք, որ այդ օրը անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են ճանապարհ փակել: Ապա կրակոց են արձակել ցուցարար քաղաքացիներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Շրջանառվում էր նաեւ քաղաքապետի անունը:
Այս դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ): Մայիսի 17 որոշում է կայացվել՝ Մասիս քաղաքի բնակչին՝ Ս.Կարապետյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: Մեր տեղեկություններով, նրա բնակարանում եւս խուզարկություն է կատարվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում