«Երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որը տալիս եմ ինքս ինձ, հետևյալն է, թե ես ի՞նչը էնպես չեմ արել, որովհետև կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն։ Այսինքն, ինչ-որ մի բան կարող է «կոնտրոլից» դուրս գալ»,- անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում երեկ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում։
Փաշինյանը անմիջապես հետո նշեց սակայն, որ ադրբեջանական այդ սադրանքը կանխատեսվել էր, իսկ դրանից հետո էլ հավելեց, որ սադրանքը, միևնույն է, պետք է տեղի չունենար։
«Կոնկրետ սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել, խնդիրներ եմ առաջադրել և այլն, և այդպես շարունակ։ Բայց, իմ գնահատմամբ, այն, ինչը տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Եվ ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին նաև «ուխտադրույժ» անվանեց։
«Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրույժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այդ ձախողմանը պետք է հետևեն «որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ»։
«Նաև պետք է ավելի խորը քննենք և հասկանանք՝ ինչն է այդպես դասավորվել և ինչու է այդպես դասավորվել»,- խոսքն ավարտեց նա։