Կատարված քննչական գործողություններով ակնհայտ է, որ ադրբեջանցի զինծառայողն իրենց դիրքերից փախուստի է դիմել իր համածառայակցի կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, և ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։
Այս մասին խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ընթացք ստացավ ապրիլի տասին գրանցված դեպքը, երբ ադրբեջանցի զինծառայողներին էին մուտ գործել Հայաստան։
«Եթե մարդը չի ցանկանում, միջազգային չափանիշներով, մենք չենք կարող նրան բռնի վերադարձնել։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, նա սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ։ Իհարկե, դա փաստ չէ: Մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով՝ եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք չենք կարող նրան բռնի ձևերով վերադարձնել»,- ասաց Փաշինյանը։
Երկրորդ զինծառայողը, որին դեռ չեն հայտնաբերել, ըստ Փաշինյանի, ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։
«Ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ շատ են քննարկումները, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանցի զինծառայողներն անարգել հատել են սահմանն ու հայտնվել ՀՀ տարածքում։
«Իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի և պետք է ինչ-որ հետևություններ արվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։