Մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում, և այդ հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք պատրաստ ենք այժմ վերսկսել հանդիպումները, բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ հանդիպման հետաձգման պարագայում, ըստ էության, բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել։ Սա չափազանց կարևոր է արձանագրել։ Այդ հանդիպման հետաձգումից հետո մենք արդեն մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ խմբագրական առաջարկները։ Մենք ունեցել ենք ուղիղի կամ միջնորդավորված քննարկումներ, և այժմ, այո՛, տարբեր գործընկերների կողմից հնչեցվել են առաջարկներ՝ կազմակերպելու մեր հանդիպումները։ Առաջիկայում այդպիսի հանդիպումներ տեղի կունենան», - ասաց Միրզոյանը։