00:00:00

Ռուս խաղաղապահներն անում են այն ամենն, ինչ կարող են․ Կոպիրկինը մեկնաբանել է Լաչինում տեղի ունեցած միջադեպը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցի «ակտիվիստներ» փորձել են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների վերադարձն իրենց տներ: Մեքենաներին ուղեկցել է ՌԴ խաղաղապահների շարասյունը։

Լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը նշել է, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում, կարող է դատել միայն ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Սակայն դեսպանը կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են այն ամենն, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է նրանց լիազորությունների շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: Նրանք աշխատում են նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ Լաչինի միջանցքը փակ է։

«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում խաղաղապահները։ Այս մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,–հավելել է դիվանագետը։

Պատասխանելով խաղաղապահների վարկաբեկման փորձերի մասին հարցին՝ դեսպանը հայտարարել է, որ այստեղ պետք է հիմնվել ոչ թե ինչ-որ մեկնաբանությունների, այլ փաստերի վրա։

Նշենք, որ ռուս խաղաղապահներն ապրիլի 4-ին փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացիների, այդ թվում ՝ կանանց և ծերերի։ Սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը Լաչինի միջանցքի` իրենց կողմից փակված հատվածում: Ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր