Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի մրցույթի համար դիմել է նաեւ այս տարվա մարտի 21-ին Պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական ՊԲ պետ նշանակված Էդգար Սուսլիյանը։
Սակայն Սուսիլյանի ընտրվելու շանսերը զրո են, քանի որ Պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնի համար առաջարկ է ստացել Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Խուդինյանը։ Խուդինյանի՝ պարեկայինի պետ նշանակվելու մասին լուրերն արդեն պտտվում են ոչ միայն համակարգում, այլեւ քաղաքական շրջանակներում։Այս մասին օրերս մամուլում ևս հրապարակում կար։
Լուսանկարում՝ Արթուր Խուդինյանն է։
Խոսում են, որ նա ոստիկանությունում թերեւս այն եզակի պաշտոնյաներից է, որը հարգանք է վայելում թե՛ իշխանական, թե՛ընդդիմադիր ուժերի կողմից։ Ըստ այդմ, Ոստիկանության վերնախավում վստահ են, որ վարքաբեկված պարեկների իմիջն ու համբավը կբարձրանա հենց Խուդինյանի նշանակումով։ Սուսլիյանի՝ պարեկների պետի պաշտոնում ինքնառաջադրվելու հանգամանքը զարմացրել է անգամ իր ծառայակից ընկերներին, ովքեր կարծում են, որ նա՝ լինելով ընդամենը ճանապարհային ոստիկան, գերագնահատում է իր կարողություններն ու ունակությունները։ Վեջինս, մինչեւ ՊՊԳՎ Կենտրոնի պետ նշանակվելը, եղել է Գեղարքունի ՃՈ վաշտի հրամանատարը։
Սուսլիյանն, ի դեպ, լրատվականներում հայտնի է դարձել երիտասարդ տարիներին իր մասնակցությամբ ճանապարհային պատահարներով, երբ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար էր: Իհարկե, նա համակարգի հնաբնակներից է, բայց ոստիկանությունում անցած իր հետագիծը անհամեմատելի է Խուդինյանի փորձի ու գիտելիքների հետ։
Արթուր Խուդինյանը մինչեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը ստանձնելը, երկար տարիներ աշխատել է նաեւ ոստիկանության ՊՊԾ գնդում զբաղեցնելով՝ 5–րդ՝ հրեշտակների գումարտակի հրամանատարի, ապա ՊՊԾ գնդի պետի պաշտոնը։ Նշենք, որ Պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է, ընտրությունը տեղի կունենա ապրիլի վերջին։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 16-ին Արթուր Ումրշատյանն ազատվել է Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից։ Ումրշատյանը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 7-ին։
Irakanum.am