Ալբանիայում կայացած Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից շիրակցի ծանրորդուհիները վերադարձել են երկու բրոնզե մեդալով։ Այս մասին ասված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում․
«Ալբանիայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Միջոցառմանը մասնակցող ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ի երկու ծանրորդուհիները։ 76 կգ քաշային կարգայինների մրցապայքարում Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան) երկամարտի 204 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
Մեր մյուս մարզուհին՝ 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարին մասնակցող Էմմա Պողոսյանը (անձնական մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան) երկամարտի 221 կգ արդյունքով ևս դարձավ բրոնզե մեդալակիր։ Էմման բրոնզե մեդալներ նվաճեց նաև «Պոկում» և «Հրում» մրցաձևերում։
Մեր մարզուհիները արդեն վերադարձել են հայրենիք և նախապատրաստվում են մասնակցելու ապրիլի 14-23-ը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը»։