Կորոնաչարաշահումների գործով առաջիկայում նոր զարգացումներ կլինեն։ Այս մասին Irakanum.am-ին փոխանցում են իրավապահ համակարգի մեր աղբյուրները։ Քովիդի ենթադրյալ չարաշահումների մասով հարուցված քրեական գործը մի քանի հարյուր էջանոց է, հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել բժշկական հաստատությունների ղեկավարներ, աշխատակիցներ։ Ինչպես հայտնի է այս գործով կալանավորված է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենն ու փոխտնօրենը։ Մենք հայտնել էինք, որ հարցաքննվել է նաև ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը։ Նա ևս եղել է Առողջապահության փոխնախարար։ Հարցաքննվել է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավար կազմը։
Ուշագրավն այն է, որ մինչ այժմ չեն հարցաքննվել Առողջապահության գործող և նախկին նախարարները։ Թե ինչու Արսեն Թորոսյանին ու Անահիտ Ավանեսյանին չեն կանչում հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում։ Առողջապահական ոլորտի պատասխանատուներից զատ, կորոնավիրուսի ժամանակահատվածում երկրում կար նաև գործընթացը համակարգող քաղաքական պատասխանատու։ Խոսքը՝ Տիգրան Ավինյանի մասին է, ով հիշյալ ժամանակահատվածում պարետի պարտականություններն էր կատարում։ Նրա վրա էր դրված քաղաքական որոշումներ կայացնելը, հետևաբար Ավինյանը ևս այս գործով առանցքային դերակատարություն ունի։ Իրավապահ մարմինները նրան ևս չեն հարցաքննել։
Ի դեպ քաղաքապետարանում վերջերս նաև կոռուպցիոն մեկ այլ հնարավոր չարաշահումների մասին հայտարարվեց։ Ձերբակալվեցին արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմները, նրա հրաժարականից մեկ օր անց։ Այդ ժամանակ Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետարանի աշխատակիցներին սթափության կոչ էր արել, բայց ակնհայտորեն «մոռացել է», որ իր՝ փոխվարչապետ ու պարետ եղած ժամանակ երկրի համար կարևորագույն ժամանակահատվածում որոշ մարդիկ զբաղված են եղել ուրիշների կյանքի հաշվին փող աշխատելով։