00:00:00

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի Լավագույն բանկը՝ ըստ Global Finance ամսագրի

16:50, 31 մարտ 2023 Տնտեսություն

Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Հայաստանի Լավագույն բանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է ամսագրի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի 30-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում։

Աշխարհի առաջատար բանկերն ընտրելիս Global Finance-ը դիտարկել է այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն ու պրոդուկտների նորարարությունը։ Ընտրության համար հիմք են հանդիսացել կապիտալի և վարկանիշային վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները: Այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք խնդրահարույց շուկաներում դրսևորել են հոգատարություն,  արձագանքել են իրենց հաճախորդների կարիքներին և լավ արդյունքներ արձանագրել` հիմք դնելով հետագա հաջողության համար:

«Քանի որ բանկային ճգնաժամը տարածվում է ԱՄՆ-ից դեպի այլ տարածաշրջաններ, ծառայությունների, կայունության և ինստիտուցիոնալ գիտելիքների տեսանկյունից լավագույն բանկերին բացահայտելն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ», - նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:  «Այս տարվա «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաև ապահովում են երկարաժամկետ ֆինանսական հարաբերությունների համար պահանջվող հուսալիությունը»:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Շատ ուրախ ենք ստանալ «Լավագույն բանկ» մրցանակը Global Finance ամսագրի կողմից, ինչը վկայում է անցած տարվա ընթացքում բիզնեսի բոլոր ուղղություններով մեր կայուն աճի մասին: Քանի որ այս հեղինակավոր մրցանակն արդեն իններորդ անգամ է մեզ շնորհվում, այն այլևս ընդամենը մեկ տարվա ֆինանսական արդյունքների մասին չէ: Սա ավելի քան մեկ տասնամյակ մեր գրանցած կայուն ցուցանիշների ճանաչումն է, որը նաև արտացոլում է մեր երկարաժամկետ ռազմավարության ճկունությունն ու կայունությունը: Ընդունելով  և ողջունելով այս ճանաչումը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ բավարարելու մեր հաճախորդների փոփոխվող կարիքները և նորարարություն ներմուծելու ֆինանսական ծառայություններում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով թվայնացմանը, ֆինանսական պատասխանատվությանը և երկարաժամկետ կայունությանը»:

Նշենք, որ Ամերիաբանկը «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին արժանանում է 9-րդ անգամ և երրորդ տարին անընդմեջ։  

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:  

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով`Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ, Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր