Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ հայտարարելով, իբր թե տարածաշրջանում իրավիճակը շահարկելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերն անընդունելի են։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանը, «ժողովրդավարության քողի տակ» , «շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը»։ Հայաստանի վարչապետը հիմքեր չունի «սխալ մեկնաբանելու» Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը Լաչինի ճանապարհի վերաբերյալ և մեղադրանքներ ներկայացնելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր.«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով։ 2054 բարձունքից ադրբեջանական կողմը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը»։