Մարտի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Mundfish միջազգային ստուդիայի Հայաստանյան գրասենյակ:
Կիպրոսում հիմնված ստուդիան հայտնի է իր թողարկած Atomic Heart անվանումով եզակի և կրեատիվ համակարգչային խաղով, որի հերոսներից են արհեստական բանականությամբ ռոբոտները։
Ստուդիայի հիմնադիր և տնօրեն Ռոբերտ Բագրատունու ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել խաղի ստեղծման ընթացքում իրականացված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին և շփվել աշխատակիցների հետ:
Վահան Քերոբյանը կարևորել է Mundfish-ի գործունեությունը Հայաստանում և նշել, որ տպավորված է իրականացված աշխատանքով և գրանցված հաջողությամբ, նաև ավելացրել, որ Հայաստանում ՏՏ ոլորտի, այդ թվում` համակարգչային խաղերի արդյունաբերության զարգացման լայն հնարավորություններ կան:
Հայաստանում գործում է Mundfish-ի 2 գրասենյակ` 70 աշխատակիցներով։
Ներկայումս խաղի դիտումների ընդհանուր քանակը YouTube հարթակում գերազանցում է 300 միլիոնը։
Թողարկման առաջին ամսվա ընթացքում Atomic Heart-ը խաղացել է ավելի քան 5 միլիոն մարդ: