Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին ընդունել է Արցախի նախագահին կից գործող Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։
NEWS.am-ին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, հանդիպման ընթացքում պետական նախարարը ընդգծել է Հանրային խորհրդի արդյունավետության բարձրացման կարևորությունը, շեշտել, որ այն որպես խորհրդատվական մարմին առաջնահերթորեն պետք է ապահովի պետության և հասարակության միջև երկխոսությունը՝ հիմնված նախաձեռնողականության և հասցեական ծրագրերի մշակման վրա։
«Այս ծանր շրջանում Հանրային խորհրդի աշխատանքների առանցքը պետք է լինի հանրային պատշաճ վերահսկողությունը։ Այն խնդիրները, որոնք դուրս են մնում պետական պաշտոնյայի տեսադաշտից՝ ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն, հասանելի դառնան մեզ, իսկ հանրային իշխանության մարմինները պետք է ականջալուր լինեն դրանց և հետևողական միջոցներ ձեռնարկեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է Գուրգեն Ներսիսյանը։
Ըստ աղբյուրի՝ պետական նախարարը հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իր համակարգման ոլորտում կատարվող աշխատանքները:
Հանդիպումն ընթացել է առողջ երկխոսության, հարցերի հնչեցման ու քննարկումների ձևաչափով: Պետական նախարարը բարձր է գնահատել հանդիպումը և տեղի ունեցած առարկայական քննարկումը՝ խնդրելով առավել հաճախակի շփումներ: