Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ:
Հայտարարությունում ասվում է. «Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև առանձին հեղինակավոր անձանց կոչերը և հատկապես ՝ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է փակ պահել կյանքի ճանապարհը:
Շրջափակման պատճառով երկու ժողովուրդների միջև ավելի է խորանում անվստահության մթնոլորտը:
Անկոտրում է արցախցու կամքը: Կա, արդյո̉ք, ապաշրջափակման տարբերակ: Կարծում եմ՝ այո: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ կարող ենք վկայակոչել պատժամիջոցների կիրառումը:
Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի:Եվ, եթե իրականում ժողովրդավարական արժեքները ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ:
Արցախցիներն իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Թերևս ամենամեծ աշխատանքը՝ սկսած ծննդատան մանուկից մինչև զառամյալ ծերունի, հայ ազգի արժանապատվության պահպանումն է, որը կատարում ենք Աստծո օրհնությամբ և մեր համառության շնորհիվ:
Աստված պահապան հայկական երկու հանրապետություններին: