00:00:00

ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչներն Ալիևից պահանջել են ապահովել իրենց վերադարձը Արցախ

15:48, 20 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել` նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայտարարության մեջ ասված է.

«Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը:

Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, հետևողական մոտեցում ցուցաբերել միջազգային իրավական և քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղված կլինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման և առաջմղման համար:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրավունքով սահմանված կառուցակարգերով և քաղաքական բոլոր հնարավոր լծակներով, ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների իրականացումը՝ հաշվի առնելով նաև նրա՝ որպես հայտարարությունը ստորագրած պետության ղեկավար հանդիսանալու և, դրանով իսկ՝ հայտարարության պահանջների ի կատար ածման երաշխավոր լինելու հանգամանքը:

Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության վերադարձը կազմակերպելու, վերահսկելու և ապահովելու, ինչպես նաև վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թվում՝ն խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով:

Միևնույն ժամանակ, Գերագույն հանձնակատարի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը և ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը

Սույն նամակը ներկայացնում ենք որպես Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա եւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով փախստական դարձած եւ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպություններ:

«ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ Սարո Սարյան

«Մայրություն» ՀԿ - Հասմիկ Միքայելյան

«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ – Մհեր Հարությունյան

«Կանանց և երեխաների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ – Ինեսսա Ասրյան «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ – Անժելա Թամրազյան

«Փախստական կանանց ասոցիացիա» ՀԿ – Ռուզաննա Ավագյան

«Մեր տուն» ՀԿ-Անահիտ Թովմասյան

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ – Մերի Դավթյան

«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀԿ – Իռա Թամրազյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր