Արցախյան ՀԿ-ները հայտարարություն են տարածել․
«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, հետեւողական մոտեցում ցուցաբերել միջազգային իրավական եւ քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղված կլինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ապահովմանը: Այս մասին ասվում է արցախյան հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարությունում։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից:
Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը:
Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից եւ հարակից շրջաններից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր եւ նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու եւ մարդասիրական իրավունքի:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, հետեւողական մոտեցում ցուցաբերել միջազգային իրավական եւ քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղված կլինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ապահովմանը: Միեւնույն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների եւ շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման եւ առաջմղման համար:
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրավունքով սահմանված կառուցակարգերով եւ քաղաքական բոլոր հնարավոր լծակներով, ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների իրականացումը՝ հաշվի առնելով նաեւ նրա՝ որպես հայտարարությունը ստորագրած պետության ղեկավար հանդիսանալու եւ, դրանով իսկ՝ հայտարարության պահանջների ի կատար ածման երաշխավոր լինելու հանգամանքը:
Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության վերադարձը կազմակերպելու, վերահսկելու եւ ապահովելու, ինչպես նաեւ վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ եւ կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թվում՝ն խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով:
Միեւնույն ժամանակ, Գերագույն հանձնակատարի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը եւ ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը։
Սույն նամակը ներկայացնում ենք որպես Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա եւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետեւանքով փախստական դարձած եւ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եւ նրանց անունից հանդես եկող կազմակերպություններ»։