Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե իբր «Ադրբեջանը երկխոսություն է վարում Արցախի բնակիչների հետ և արդեն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում»։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նա նաև ասել է, որ Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում «իր տարածքում ապրող» (չակերտները՝ Tert.am) հայ բնակիչներին «վերաինտեգրելու» (չակերտները՝ Tert.am) ուղղությամբ:
«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես բարի կամքի քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի երկխոսության առաջարկը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և վարում է երկերեսանի քաղաքականություն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Այսպես նա արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ նախօրեին հրապարակած հայտարարության, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում:
«Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները:
Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը:
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը:
Ավելին, Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։
Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»,-ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։