Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այս մասին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Բոլորս տեղյակ ենք, որ Ռուսաստանը զգայուն վերաբերմունք ունի ԵՄ առաքելության հետ կապված, հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, վստահաբար, կքննարկվի»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: