00:00:00

Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը․ Ռուբեն Վարդանյան․ Հրապարակ

10:08, 17 մարտ 2023 Մամուլ

Hraparak.am-ի հարցազրույցը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ․ 

 

- Պետնախարարի պաշտոնից Ձեզ հեռացնելուց անցել է 20 օրից ավելի։ Թվում էր, թե Ձեր հեռացումից հետո Ադրբեջանը գոնե մասնակիորեն կբացի ճանապարհը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞վ եք դա բացատրում։ Այսօր ի՞նչ գնահատական կտայիք Ձեր հեռացման քայլին։ Արդյո՞ք փետրվարի 23-ին Ձեր ասածն ուժի մեջ է, թե՞ այսօր այլ կերպ կմեկնաբանեք Ձեր հեռացումը։ 

 

- Ես փետրվարի 23-ին էլ ասացի, որ ինձ պաշտոնից ազատելը ճիշտ քայլ չէ, քանի որ ինձ համար պարզ էր, որ այն չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ մարտավարական տեսանկյունից սխալ է: Առավել եւս, որ հանրության զգալի մասի մոտ համոզմունք կար, որ որոշումը նաեւ արտաքին պարտադրանքի արդյունք էր։ Իմ գնահատականն այսօր էլ նույնն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը ճանապարհը բացելը կամ չբացելը չէ: Ադրբեջանի իրական նպատակն Արցախում էթնիկ զտումն է: Ես անգամ չեմ ուզում արտաբերել ադրբեջանական կողմի տերմինը, որը նրանց իրական նպատակի հետ ոչ մի կապ չունի: Դա նրանք հատուկ են օգտագործում՝ նաեւ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Եվ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես ենք դիմակայելու այդ մարտահրավերներին: 

 

- Դուք աննահանջ պայքարի կողմնակից եք։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի պահվածքը եւ ի՞նչ լուծում եք տեսնում այս պահին։ Ձեր ասած պայքարը կոշտ մեթոդներ չի՞ ենթադրում։ Արդյո՞ք բաց թողնված հնարավորություններ չկան բլոկադայի առաջին փուլում։ 

 

 

- Ես անկախ, արցախցիների ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախի կողմնակից եմ: Իսկ դրա համար մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պետք է պայքարենք: Պայքարը, նախեւառաջ, սեփական արժանապատվությունը պաշտպանելու պատրաստակամությունն է: Առիթներ ունեցել եմ ասելու եւ կկրկնեմ. իմ ընկալումով պայքարը նշանակում է՝ գտնել մեր ամենախոցելի տեղերը եւ դրանք նվազագույնի հասցնել, ինչպես նաեւ գտնել մեր առավելություններն ու դրանք ուժեղացնել: Ու սա պետք է դառնա մեր կյանքի գերակայությունը: Այսինքն, անենք քայլեր, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնելու. դա նաեւ արդյունավետ կառավարումն է, դա Արցախում անարդարության շատ սուր զգացողության հաղթահարումն է, որի ճանապարհը, իմ համոզմամբ, որոշումների ընդունման թափանցիկությունն է, դա ժողովրդի հավատի ու վստահության վերականգնումն է ոչ միայն սեփական ուժերի, այլեւ՝ առաջնորդների նկատմամբ: Սրանք մեր ժողովրդի իմունիտետի բարձրացմանն ուղղված քայլերն են: Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ մեզ այս ամենն օդի պես անհրաժեշտ է, քանի որ երբ մենք հոգեպես ընկճված ենք, չենք հավատում ոչնչի, մեզ ավելի հեշտ է կոտրելը: Մեզ համար հիմա շատ կարեւոր է գաղափարի շուրջ համախմբելը: Երբ հստակ նպատակ ունես, գիտես հանուն ինչի ես պայքարում, դա մեծ ուժ է տալիս: Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Հուսով եմ, որ նախեւառաջ Արցախի ղեկավարության համար այդ «կարմիր գծերը» միշտ անխախտելի են լինելու։ Ու մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի հայտարարված «կարմիր գծերը» պահպանվեն, քանի որ դրանց ցանկացած խախտում բերելու է հայկական Արցախի կորստի: Ինչ վերաբերում է բլոկադայի առաջին փուլին, ապա, բնականաբար, այն շատ բարդ էր` ցուրտ ձմեռ, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի անջատումներ, պարենային, առողջապահական ճգնաժամ, ամեն օր ի հայտ եկող նոր խնդիրներ, բայց չէի ասի, որ եղել են բաց թողնված հնարավորություններ: Բազմաթիվ նվիրյալ մարդկանց օրուգիշեր աշխատանքի շնորհիվ ոչ միայն հաջողվեց խուսափել կոլապսից, այլեւ համակարգային աշխատանք իրականացնել, օրինակ, ինվենտարիզացիա անել, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ չունենք, մի շարք ուղղություններով տվյալների բազաներ ստեղծել, որոնք, իհարկե, թույլ են տալու հետագայում ավելի արդյունավետ կերպով ծրագրեր իրականացնել:

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր