ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ մարտի 15–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ–ից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ընդլայնվող քաղաքական երկխոսության եւ հայ-բրազիլական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ առեւտրի, բարձր տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը: Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմն իր հռետորաբանությամբ ու շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման անհրաժեշտությունը: