00:00:00

Մեր նպատակն է, որ ամենակարճ ժամանակում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա. Արցախի պետնախարար

22:56, 09 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին, այցելել է սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ նախկին նախարար Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ շրջափակման պայմաններում պատասխանատվություն կրելու եւ ծանրաբեռնված աշխատանքի համար:

Ներկայացնելով ոլորտում երկարամյա փորձ ունեցող նորանշանակ նախարարին՝ Գուրգեն Ներսիսյանը համոզմունք է հայտնել, որ Վահրամ Առաքելյանն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնի ոլորտի առջեւ ծառացած խնդիրների համակարգային լուծումները։

«Խնդիրներին համակարգային լուծումներ առաջադրելով, մենք կառավարման համակարգում որակապես նոր գործիքներ ու հարաբերություններ կստեղծենք: Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետական նախարարն այնուհետեւ այցելել է քաղաքաշինության նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել Ազատ Համաբարձումյանին, ում նախագահի հրամագրով ժամանակավորապես վերապահվել է նախարարի պարտականությունների կատարումը:

Գուրգեն Ներսիսյանը կարեւորել է հատկապես հետպատերազմյան շրջանում նախկին նախարար Արամ Սարգսյանի եւ համակարգի աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքը, ինչի արդյունքում կյանքի են կոչվել ենթակառուցվածքային եւ բնակարանային ապահովման բազմաթիվ ծրագրեր: Անդրադառնալով ոլորտային հարցերին՝ պետական նախարարը ընդգծել է գերատեսչության  հետագա աշխատանքների կազմակերպման արդյունավետության ապահովումը։

«Քաղաքաշինությունն այն ոլորտներից է որտեղ կարելի է անվերջ զարգանալ եւ մեր հաջողությունների գրավականը նաեւ նրանում է, թե մենք որքանով ենք պատրաստ բոլոր զարգացումներին զուգահեռ համաչափ զարգանալ, որպեսզի ունակ լինենք դիմագրավելու բոլոր մարտահրավերներին», - նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գեորգի Հայրիյանին՝ պետական նախարարը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ ջանքերը կբազմապատկվեն:

«Առաջիկայում մեր երկիրը պետք է էականորեն առաջընթաց ապահովի գյուղատնտեսության ոլորտում: Այդ հարցում պատասխանատվություն պետք է ստանձնեն ձեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաեւ ես՝ որպես ոլորտի ձեզ հետ հավասարապես պատասխանատու։ Առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականության արդյունքում, մասնագետների ունեցած փորձի եւ գիտելիքներին համապատասխան տեղաբաշխումը կազմակերպելով, կկարողանանք ապահովել առավելագույն արդյունավետություն», - ասել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցներին՝ նախկին նախարար Հրանտ Սաֆարյանի ղեկավարությամբ Արցախի շրջափակման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ շրջափակման պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հրատապ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր