Ամերիկյան և ֆրանսիական տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ մշտապես հնչում է այն պնդումը, որ նրանք անկեղծորեն հակված են պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։ Ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսում են նաև ՌԴ-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Հենց այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն և ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը գտնվում են տարածաշրջանում և հանդիպումներ են ունենում Բաքվում և Երևանում։
Այսօր արդեն 86-րդ օրն է Արցախը գտնվում է շրջափակման մեջ՝ բախվելով հումանիտար ճգնաժամային իրավիճակի և մարդու իրավունքների համատարած խախտումների։
Մարտի 5-ին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի ոստիկանների նկատմամբ իրականացվել է ահաբեկչական գործողություն, որին արցախյան կողմից զոհ են գնացել երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պարբերաբար դիմելով նաև ռազմական էսկալացիայի։ Իրավիճակը լարված է։
Ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ (Լեռնային Ղարաբաղ)՝ ի արտահայտումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պահպանման և հակամարտությունը խաղաղ լուծելու իրենց վճռականության։
Հարկ է հիշեցնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ավելի քան երկու տարվա ընթացքում ո՛չ ՌԴ, ո՛չ ԱՄՆ և ո՛չ էլ Ֆրանսիայի համանախագահները մեկ անգամ գոնե չեն այցելել Արցախ՝ իրենց մանդատի համաձայն իրավիճակը գնահատելու և ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր գտնելու համար։
Արցախում ապրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնային շահառուները, որոնց ճակատագրի շուրջ են ձեր բոլոր քննարկումները, ուստի և նրանք իրենց դիրքորոշումը արտահայտելու և լսված լինելու իրավունք ունեն։
Եթե համանախագահ բոլոր երեք երկրներն իրապես շահագրգիռ են հակամարտության արդարացի լուծմամբ, ապա գոնե Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցելելու համարձակություն պետք է դրսևորեն»,- գրել է Ստեփանյանը: