00:00:00

Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, ուժի կիրառումը երբևէ չի կարող ընդունելի լինել. Պետդեպը՝ Արցախում Ադրբեջանի հարձակման մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից մարտի 5-ին Արցախում իրականացրած հարձակմանը՝ հայտարարելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում 5 անձանց (նկատի ունի նաև Ադրբեջանի զոհերը՝ Tert.am) կյանք խլած փոխհրաձգության միջադեպի մասին հաղորդումներին։ Մենք զորակցություն ենք հայտնում զոհվածների ու վիրավորվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և վեճերի լուծման նպատակով ուժի կիրառումը երբևէ չի կարող ընդունելի լինել։ Խաղաղության պահպանման միակ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ աշխատելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղղակի երկխոսությունն է և դիվանագիտությունը։ Եվ ինչպես պետքարտուղարն է ընդգծել, Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին», -ասել է Փրայսը։

Անդրադառնալով երկրների միջև բանակցային գործընթացին՝ Պետդեպի խոսնակն ասել է, որ ամերիկյան կողմի համար կարևոր է կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսությունը:

«Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ ձևաչափով ներգրավվածությանը արտաքին գործերի նախարարների և առաջնորդների մակարդակով: Մենք պատրաստ ենք՝ լինի երկկողմ, եռակողմ, բազմակողմ ձևաչափերում, շարունակել գործընկեր լինել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերի առաջմղման գործում», -հավելել է Փրայսը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր