Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն արձագանքել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կա՛մ սիրողական դիվանագետ է, կա՛մ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կա՛մ կոռումպացված չինովնիկ է, կա՛մ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»,- «Թվիթեր»-ում գրել է Բեգլարյանը։
Նշենք, որ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել։
Նա հայտարարել է, թե տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար:
Նա նաև հավելել է, որ Բաքվում է և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին՝ Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: