00:00:00

«Ադրբեջանը շարունակում է անտեսել Աշխարհի Դատարանի որոշումը՝ անարգելով նրա հեղինակությունը»․ ԱՀ ՄԻՊ

15:51, 04 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։

Արցախի և Հայաստանի կողմից իրավիճակի մասին միջազգային հանրության պատշաճ իրազեկվածության ապահովման ուղղությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ համադրելով երկկողմ և բազմակողմ դիվանագիտության, միջազգային իրավապաշտպան և լրագրողական համայնքների ներգրավման հնարավորություններն ու ջանքերը։

Այս ընթացքում Ադրբեջանի ապօրինի գործողության հասցեական դատապարտմամբ հանդես են եկել բազմաթիվ երկրների գործադիր և օրենսդիր մարմիններ, միջազգային կառավարական կազմակերպությունների՝ ինչպիսիք են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ, միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների՝ Human Rights Watch, Amnesty International, Freedom House, Lemkin Institute for Genocide Prevention-ի պատասխանատուներ և միջազգային հանրության այլ կառույցներ ու դերակատարներ:

Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր հայտարարությունների, ադրբեջանական կողմը դիտավորյալ ու անմարդկայնորեն անտեսել է բոլոր կոչերն ու շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի խաղաղ բնակչությանը։

Իրավիճակի հանգուցալուծման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովման համար՝ գործարկվել են միջազգային իրավական մեխանիզմներ։

2022 թ․ դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով, միջանկյալ միջոցներ կիրառելով՝ պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել «Լաչինի միջանցքը»։ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 21-ի որոշմամբ մասնակի բավարարել է Հայաստանի Հանրապետության պահանջը՝ միջանկյալ միջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

2022թ․դեկտեմբերի 29-ին՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա) Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կիրառել միջանկյալ միջոց և պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել «Լաչինի միջանցքի» շրջափակումը և ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։ 2023 թվականի փետրվարի 22-ին Դատարանը որոշել է բավարարել Հայաստանի պահանջը և պարտադրել Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Հարկ է հիշեցնել, որ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Հարկ է ընդգծել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել ԱՄԴ վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում: Իսկ եթե գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ, որը անհրաժեշտ համարելու դեպքում կարող է հանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկավոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար։

Դատարանի որոշմանն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ հայտարարելով, որ ԱՄԴ որոշումները պարտադիր են Կողմերի կատարման համար ներառյալ որոշումը, որը վերաբերում է «Լաչինի միջանցքով» երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին:

Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո անցել է 10 օր, որի ընթացքում Ադրբեջանը որևէ գործնական քայլ չի արել դրա կատարման ուղղությամբ և, որպես հետևանք, մարդիկ շարունակում են ենթարկվել զրկանքների և տառապանքների, բախվել մարդու իրավունքների համատարած խախտումների, այդ թվում՝ հունվարի 9-ից շարունակվող՝ Հայաստանից դեպի Արցախ էլեկտրամատակարարման դադարեցմանը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից։

Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստեղծված իրավիճակից, շարունակում է անտեսել Դատարանի որոշումը՝ անարգելով Աշխարհի Դատարանի բարձր հեղինակությունն ու կայացրած որոշումը։

Ադրբեջանի նմանօրինակ անպատժելի վարքագիծը այլևս լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար, այլև ողջ միջազգային համայնքի համար։ Այս իրավիճակի հանդուրժումն անդառնալի և հեղինակազրկող հարված է տարիներ շարունակ հետևողականորեն զարգացած Մարդու իրավունքների միջազգային ճարտարապետության և դրա երաշխավորման համար ձևավորված իրավական մեխանիզմների համար։

Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը արդեն որերորդ անգամ ապացուցվող փաստ է, որին միջազգային հանրությունը պետք է պատասխանի հստակ ու գործնական հակադարձող քայլերով՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և ամենաբարձր միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը դարձնելով հակամարտության կարգավորման հետագա գործընթացների հիմնական տարր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր