00:00:00

Կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր. Արցախի պետնախարարը դիմել է երիտասարդությանը

14:00, 03 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի պետական նախարարը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին:

«Հարգելի երիտասարդներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,

Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Այդ ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։

Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել։

Իհարկե պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումը՝  այսօր խիստ անհրաժեշտություն է։

Առաջիկայում նախատեսում եմ հանդիպում Արցախում գործող հասարակական  կազմակերպությունների հետ, բայց մինչ այդ դիմում եմ բոլորին՝ երիտասարդությանը, ուսանողությանը.

Խնդրում և կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և ձեր նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։

Դրանով դուք ոչ միայն կապահովեք հանրօգուտ արդյունք, այլև կնպաստեք մեր ներքին զարթոնքին ու համախմբմանը, մեր ուժերի և հնարավորությունների մեկտեղմանն ու միավորմանը։

Սպասում ենք ձեր արձագանքներին։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ պետական նախարարի աշխատակազմ՝ (047) 95 10 55 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ.հասցեին:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը` անցնելով հետևյալ հղմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր