Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել։
Ըստ այդմ՝
· ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 15-ը (հղումը՝ https://bit.ly/37WXffK),
· հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու կամ համավարկառու կարող է հանդես գալ ընտանիքի ցանկացած անդամ՝ անկախ հավաստագրում ներառված լինելու հանգամանքից,
· ծրագրի շահառուներն աջակցություն կստանան ոչ միայն բնակելի անշարժ գույք, անհատական բնակելի տուն, այլ նաև կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերելու դեպքում,
· կառուցապատումը շարունակելու նպատակով հավաստագրի հիման վրա ևս կտրամադրվի կառուցապատման վարկ,
· ընտանիքի անդամից նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացած հողի վրա շահառուն կարող է կառուցել անհատական բնակելի տուն,
· ծրագրով նախատեսված աջակցության չափից ավելի ցածր արժեքով գույք ձեռք բերող շահառուները կարող են աջակցության գումարի մնացորդն ուղղել տվյալ բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը,
· վերջին 12 ամիսների ընթացքում գույքի օտարված չլինելու վերաբերյալ պայմանը չի տարածվում նվիրատվության եղանակով օտարված գույքի վրա։
Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ՝ հավաստագիր է ստացել 3423 շահառու, որից շուրջ 300 շահառու ձեռք է բերել անշարժ գույք կամ հիփոթեքային վարկավորման գործընթացը գտնվում է ավարտական փուլում։
Այսպիսով, իրականացված այս և նախորդ փոփոխությունների արդյունքում՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիները կարող են ոչ միայն ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը, այլև բարեկարգել այն։ Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։
Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով կիրականացնի վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումար և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝
· Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
· ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
· Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
· սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով,
· սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։
Հիշեցնենք, որ միջոցառման շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։