00:00:00

Արցախի պաշարումն Ադրբեջանի հիբրիդային պատերազմի մի մասն է, որը մտադիր է ահաբեկել հայերին Արցախում․Արտակ Բեգլարյանի հարցազրույցը՝ հունական Militaire News-ին

21:35, 25 փետրվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Հունական Militaire հեռուստաալիքը կապ է հաստատել Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ։ Նա նկարագրում է այն ողբերգական իրավիճակը, որում ապրում է 120,000 մարդ, ովքեր չունեն «քաղաքակիրթ» Արևմուտքի ոչ աջակցությունը, ոչ էլ նույնիսկ բավարար ուշադրությունը...

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը ամբողջովին արգելափակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Այս պաշարման հետևանքը տարածաշրջանում 120,000 բնիկ հայերի լիակատար մեկուսացումն է, ինչը հումանիտար սարսափելի ճգնաժամի պատճառ է դառնում. սննդամթերքը, դեղորայքը և այլ կենսական ապրանքների պաշարները շուտով սպառվում են: Արդեն ստեղծվել է պարենի բաշխման ծրագիր՝ կտրոններով, մինչդեռ մի շարք հիմնական պարագաներ ամբողջությամբ բացակայում են։ Նշենք, որ մինչ Ադրբեջանի շրջափակումը Հայաստանից Արցախ բեռնատարներով օրական ավելի քան 400 տոննա հիմնական պաշար էր տեղափոխվում։

Միաժամանակ Ադրբեջանը պարբերաբար արգելափակում և սաբոտաժ է անում Հայաստանից Արցախ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Առանց ջեռուցման հուսալի միջոցների՝ ձմեռային խստաշունչ պայմաններում Արցախում արդեն դադարել են գործել ուսումնական հաստատությունները, Լաչինի միջանցքի շրջափակումն իրականում ամբողջ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչությամբ պաշարումն է։ Նաև շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի այնպիսի համայնքներ, ինչպիսիք են Լիսագորը, Մեծ Շենը, Հին Շենը և Եղցահողը, հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից և Արցախի մնացած տարածքներից։ Անգամ Հայաստանի և Արցախի միջև օդային միջանցքը փակ է, քանի որ Ադրբեջանը սպառնացել է խոցել Արցախում վայրէջք կատարող ցանկացած ինքնաթիռ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ մարդասիրական կազմակերպությունն է, որին թույլ է տրվել որոշ ծանր հիվանդ անձանց տեղափոխել Լաչինի միջանցքով՝ Հայաստանում բուժման նպատակով:

Ճանապարհը արգելափակել են մի խումբ անձինք, որոնք ներկայանում են որպես «բնապահպանական ակտիվիստներ», այնինչ իրականում փաստերն ապացուցում են, որ դա կազմակերպված է ադրբեջանական կառավարության կողմից և այնտեղ շարունակաբար կանգնած են զինծառայողներ: Հարկ է ընդգծել, որ Freedom House-ը Ադրբեջանը գնահատում է որպես «անազատ» երկիր՝ «անկախ արտահայտվելու կամ ակտիվության նվազագույն տարածքով», մինչդեռ «չարտոնված հավաքները կարող են հանգեցնել ոստիկանության կոշտ պատասխանի և մասնակիցների համար տուգանքների»:

Հետևաբար, Արցախի պաշարումը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի մի մասն է, որը մտադիր է մեկուսացնել և ահաբեկել, ճնշել հայերին Արցախում և ի վերջո ստիպել նրանց հեռանալ, որը էթնիկ զտման դասական օրինակ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է հրապարակայնորեն արտահայտում Արցախը բնիկ հայերից մաքրելու իր մտադրությունները։

Աշխարհի բազմաթիվ երկրների կառավարություններ ու կառույցներ չեն խաբվել Ադրբեջանի քայլերի թատերականությամբ և Բաքվին կոչ են արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը: Եվրախորհրդարանն իր բանաձեւում նշել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի և հնարավոր է միայն Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի և երաշխավորված խաղաղապահ առաքելության առկայության դեպքում։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Շվեդիան, Հունաստանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և շատ ուրիշներ կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել Արցախի պաշարումը:

Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների ու բեռների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունը։ Եթե այս սադրիչ քայլն անհապաղ չդադարեցվի, Ադրբեջանն անխուսափելիորեն կհրահրի հումանիտար նոր ճգնաժամ և կխաթարի տարածաշրջանում փխրուն խաղաղությունը։

Մանրամասները ներկայացված են տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր