Հայտարարություն․
Արցախի Հանրապետության կառավարության 2023թ. փետրվարի 10-ի N 69-Ն որոշման համաձայն՝ այսօրվանից կմեկնարկի Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։
Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։
Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների ցանկը կհրապարակվի սույն էջում։
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. փետրվարի 28-ը (ներառյալ) նախարարություն ներկայացնել գրավոր դիմում՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։
Էլեկտրոնային տարբերակով գրավոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է արտահանել դիմումի ձևը, լրացնել, ստորագրել, սկանավորել և ուղարկել նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Թղթային գրավոր դիմումը (լրացված և ստորագրված) անհրաժեշտ է հանձնել նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում։
Այդ ստորաբաժանումների հասցեներն են.
1. ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25.
2. ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1.
3. ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14.
4. ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1.
5. ք.Մարտակերտ, Սախարովի 15։
Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ կամ անկանխիկ եղանակով։
Կանխիկ եղանակով դրամական աջակցությունը կտրամադրվի «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղերի միջոցով, իսկ անկանխիկ եղանակով՝ ԱՀ-ում գործող արևտրային բանկում բացված՝ անձի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
Դրամական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ 68000 դրամի չափով, իսկ եթե անձի 2022թ. նոյեմբեր ամսվա եկամուտը (հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներոմ վճարված եկամուտների մեծությունը) պակաս է 68000 դրամից, ապա դրամական աջակցությունը կվճարվի 2022թ. նոյեմբեր ամսվա եկամտի չափով։
Դրամական աջակցություն չի տրամադրվի հետևյալ դեպքերում.
1. անձի 2022թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների միջին ամսական եկամուտը գերազանցում է 500 000 դրամը.
2. անձը 2022թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ հանդիսացել է գործող անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր կամ արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձ.
3. անձը 2023թ. հունվարի 31-ի դրությամբ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ՝ նույն կամ այլ գործատուի հետ:
Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո, նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ աջակցության տրամադրումը մերժելու դեպքում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով կտա գրավոր պատասխան՝ նշելով մերժման հիմքերը։
Աջակցության տրամադրումը մերժելու դեպքում դիմումները կրկին չեն ընդունվի:
Դիմումի ձևը և լրացված դիմումի նմուշը ներկայացված են ստորև.
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն