Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) հարցազրույցներ է տվել իսպանական EL PAIS և իտալական La Nuova Bussola Quotidiana պարբերականներին՝ ներկայացելով Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Երկու պարբերականներն էլ իրենց նախաբաներում հստակ գնահատական են տվել Արցախում ստեղծված իրավիճակին: «Գրեթե երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն ելքի ուղիներ դեռ չեն նշմարվում։ Հայ բնակչությունը շարունակում է ապավինել Կարմիր Խաչի և ռուս խաղապահների մարդասիրական օգնությանը։ Անկլավի իշխանությունները միջազգային հանրությանը խնդրել են օդային կամուրջ տրամադրել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,-գրում է EL PAIS-ը՝ մեջբերելով Ռուբեն Վարդանյանի այն խոսքերը, որ օդային հումանիտար միջանցքի հնարավորությունը թույլ կտա կանխել հումանիտար ճգնաժամը. «Դա այն իրական լուծումն է, որը նաև կիրառվել է Բեռլինի (1948-1949թթ.) և Սարաևոյի (1992-1996թթ.) պաշարումների ժամանակ»:
«Իրավիճակը շատ բարդ է։ Սննդամթերքի և էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարումը և տնտեսական ճգնաժամը բացասաբար են ազդում ժողովրդի կենսակերպի վրա, սակայն դրան զուգահեռ, մարդիկ հասկանում են, որ սա մեր անկախության պայքարի մի մասն է: Ադրբեջանի նպատակն է շրջափակման միջոցով հարկադրել մարդկանց, որ իրենց վերահսկողության տակ անցնեն, ինչը նշանակում է բռնի արտաքսումներ և էթնիկ զտում։ Եվրոպական հանրությունը պետք է ստիպի իր իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ»,- EL PAIS-ին ասել է Ռուբեն Վարդանյանը:
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Բաքվի «ներքին խնդիրն է» և որ տեղի հայ բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր, ցանկության դեպքում կարող են լքել երկիրը: Ըստ պարբերականի՝ Վարդանյանը հավաստիացնում է, որ պատրաստ է երկու կողմերին ընդունելի երկխոսության գնալ շեշտելով, սակայն, որ Արցախի հայերը երբեք չեն ընդունի Բաքվի իշխանությունը. «Մենք չենք ուզում ենթարկվել էթնիկական զտումների, որոնց զոհը դարձան Ադրբեջանում ապրող հայկական համայնքների բնակիչները խորհրդային շրջանում։ Մենք ժողովրդավարական հանրապետություն ենք և չենք կարող մի բռնապետության մասը կազմել, որը չի հարգում անգամ սեփական ժողովրդին»։
Իտալական La Nuova Bussola Quotidiana պարբերականը, որը Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը հրապարակել է «Չեք կարող մեզ անտեսել: Խոսում է պաշարված Արցախի պետախարարը» խորագրով, նախաբանում գրում է. «Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որը պայքարում է իր անկախության համար, արդեն երկու ամիս է՝ ձգվում է նոր ճգնաժամը։ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը։ 2020թ-ի պատերազմից հետո այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որից կախված է առաջին անհրաժեշտության բոլոր միջոցներով։ Ճգնաժամը մարդասիրական բնույթի է։ Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի դրդապատճառները դեռևս բացատրություն չունեն, բացառությամբ՝ տեղի անկախատենչ հայ բնակչությանը ծնկի բերելու միտումից»։
Պատասխանելով ԵՄ գործողությունների և Եվրախորհրդարանի՝ շրջափակումը դատապարտող բանաձևի մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Եվրամիության հետ կապված խնդիրն այն է, որ խոսքերին չեն հետևում գործողություններ, հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում»։
Հարցին` Արցախում իրավիճակի վերաբերյալ եվրոպական լրատվամիջոցների հարաբերական լռությունը կարո՞ղ է պայմանավորված լինել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է, որ հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ միաժամանակ առկա են բազմաթիվ ճգնաժամեր, պատերազմներ, տնտեսական ցնցումներ... « Եվրոպան միշտ հարգանք է տածել ժողովրդավարությունների հանդեպ, իսկ Արցախը ժողովրդավարական պետություն է։ Պետության չորս ղեկավար ենք ունեցել, անցկացրել ընտրություններ, ունենք իրական ընդդիմություն և բաց հասարակություն ի տարբերություն Ադրբեջանի, որը տիպիկ ավտորիտար պետություն է, որտեղ իշխում է մեկ ընտանիք և գոյություն չունի ոչ մի տեսակ ազատություն, ոչ մի ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների հանդեպ»։