Արցախի թեմում այսօր նշվեց Ս. Սարգսի տոնը, որի առթիվ թեմի գործող եկեղեցիններում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տոնական արարողությունը հանդիսապետում էր թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությանը մասնակից էին թեմի հոգևորականները: Եկեղեցին լեցուն էր` մեծամասամբ երիտասարդներով, ովքեր մեծ խանդավառությամբ մասնակցեցին արարողությանը: Թեմի հոգևորականաց դասը Սրբազան Հոր հանդիսապետությամբ կատարեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին իրականացվեց երիտասարդների օրհնության կարգ:
Եկեղեցում մեկտեղված ժողովուրդը հոգևորականաց դասի առաջնորդությամբ ծնկաչոք խնդրեց Ս. Սարգսի բարեխոսությունը, որպեսզի Աստծո սերն ու խաղաղությունը տարածվի Արցախ աշխարհի վրա և միավորվեն բոլոր սիրող սրտերը:
Հավարտ արարողության եկեղեցու բակում տեղի ունեցավ հոգևոր-մշակութային համերգ, որն ամփոփվեց Կոմիտասի «Հայր մեր»-ով` եկեղեցու երգչախմբի կատարմամբ: