00:00:00

Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց․ նախարար

21:27, 04 փետրվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալական ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածոււմ աշխատանքից ազատված անձանց:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքից ազատված աշխատողներին ընթացիկ տարվա հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի այն դեպքում, երբ  ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել:

«Այն աշխատողներն, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68 հազար դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա այդ չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 հազար դրամ»,-հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ սոցիալական մյուս ծրագրով էլ  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք  չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:

«Այս պարագայում չաշխատող են համարվելու նաև չգրանցված աշխատողները: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 հազարական դրամ, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա 20 հազար դրամ աջակցություն: Միակ ծնողի չաշխատելու դեպքում ընտանիքին կտրամադրվի 40 հազար դրամ»,-մանրամասնեց  նախարարը՝ հավելելով, որ սոցիալական աջակցության վերաբերյալ այս որոշումն առաջիկայում կներկայացվի հաստատման:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր