00:00:00

Անցողիկ շեմը ոչ մի ուժ չի հաղթահարելու, եւ կրկին Սիսիանը մնալու է անտեր․ Հրապարակ

10:05, 03 փետրվար 2023 Մամուլ

 

Հրապարակը գրում է․

Նախորդ ընտրությունները Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում անցան աղմկոտ, մի քանի ուժ հաղթահարեց անցողիկ շեմը, բայց նրանցից ոչ մեկը որակյալ մեծամասնություն չունեցավ։ Նաեւ կոալիցիա չկարողացան կազմել, ավագանու ոչ իշխանական անդամներից մեկին համոզեցին, մի նիստ արեցին, սակայն ՔՊ-ի թեկնածուն այդպես էլ չկարողացավ անցնել իր պարտականությունների կատարմանը, եւ ստիպված եղան համայնքապետի ԺՊ-ին «հրաժարեցնել» ու գնալ նոր ընտրությունների: Ահա, նոր ընտրությունները նշանակված են մարտի 26-ին, եւ Սիսիանը պատրաստվում է դրանց:


«Հրապարակը» ավելի վաղ գրել էր, որ գարնանը Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանությունների համար, քանի որ, որոշ տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով նախկինում ղեկավարել է համայնքը եւ բարձր հեղինակություն ունի, մտադիր է անձամբ առաջադրվել, այլ ոչ թե աջակցել որեւէ մեկին, ինչպես արեց նախորդ ընտրությունների ժամանակ։

Սիսիանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգսյանն ակտիվ բանակցությունների մեջ է ընդդիմադիր տարբեր շրջանակների հետ եւ ուժերը ծանրութեթեւ անելուց հետո կհայտարարի իր առաջադրման մասին: Եթե չկարողանա բավարար կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ, այդ ժամանակ նոր, ըստ ամենայնի, հանդես կգան այլ թեկնածուով։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն նույնն է՝ այս անգամ էլ իշխող ուժի ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի ԺՊ Արմեն Հակոբջանյանը, ով նախորդ ընտրություններին չկարողացավ 50+1 հավաքել, իսկ ավագանի անցած ուժերի միջեւ էլ կոալիցիա չկազմվեց, որ նա ստանձներ համայնքի ղեկավարումը, ինչի պատճառով էլ գնացին նոր ընտրությունների:

Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։ Մենք երեկ փորձեցինք պարզել, թե կոնկրետ որ ուժերն են մասնակցելու Սիսիանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, եւ, վերջապես՝ ի՞նչ տրամադրություններ են այժմ Սիսիանում: Նկատենք, որ կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն փետրվարի 9-19-ն ընկած ժամանակահատվածում:

«Ապրելու երկիր» կուսակցությունից մեզ հետ զրույցում ասացին, որ այդ մասին խոսելու համար դեռեւս վաղ է: Կուսակցության մամուլի խոսնակն ասաց, որ Սիսիանի առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին խոսել չի կարող, քանի որ դեռեւս չունի հստակ ինֆորմացիա: Նախորդ ընտրություններում Սիսիանում հաղթած ուժերից մեկը «Ապրելու երկիրն» էր:

Մենք զրուցեցինք 2022-ի աշնանը Սիսիանում «Զարգացող համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորած Մհեր Ազոյանի հետ: Ի դեպ, «Զարգացող համայնք» դաշինքը կազմված է «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություններից: «Դեռեւս ոչինչ հստակ որոշված չէ, ես՝ ինքս, չունեմ հստակ որոշում՝ մասնակցե՞լ առաջիկա ընտրություններին, թե՞ անիմաստ է: Իմ ունեցած տեղեկություններով` նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն է մասնակցելու, ասում են նաեւ, որ ընտրություններին մասնակցելու է «Աշխատանք եւ արդարություն»-ից Հայկ Առաքելյանը, ով անցած անգամ եւս մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, հավանաբար, կմասնակցի նաեւ «Ապրելու երկիրը»: Բնականաբար, «Աշխատանք եւ արդարությունն» ու «Ապրելու երկիրը» միավորվելու են, արդյունքում անցողիկ շեմը ոչ մի ուժ չի հաղթահարելու, եւ կրկին Սիսիանը մնալու է անտեր: Ամենաշատ շանսերն ունի ՔՊ-ական թեկնածուն, սակայն այս անգամ եւս նա չի հաղթահարելու անցողիկ շեմը: Դա իմ կարծիքն է»,- նշեց Մհեր Ազոյանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cccee5e8216e0266264e908b9caa1e65

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր