Կանայք խաղաղ ակցիա են իրականացնում՝ ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց։ Կանայք փոխանցեցին արցախցի մայրերի նամակը՝ պահանջելով լսելի դարձնել Արցախի կանանց ձայնը։
«Արցախի երեխաներն արդեն 50 օրից ավելի մատնված են սովի և ցրտի, զրկված են դպրոցից և մանկապարտեզից։ Կանգնեցրեք այս տեռորը, թույլ մի տվեք Ադրբեջանին գերի պահել 30000 մեր երեխաներին, մի դարձեք հանցակից»,- նշեց կանանցից մեկը։
Հիշեցնենք, որ արցախցի կանայք հունվարի 26-ին բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ կոչ անելով անհապաղ միջամտել և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ շրջափակումը։ Հենց տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։ Հուսահատ մայրերը արդարացիորեն պահանջում են, որ իրենց երեխաները, ինչպես և Եվրամիության երկրների երեխաները, հնարավորություն ունենան ապրել տաք և լուսավոր տներում, նորմալ սնվեն, հաճախեն դպրոցներ և մանկապարտեզներ, ստանան բժշկական օգնություն։
Նրանք ունեն նորմալ կյանքի իրավունք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները: Փակելով գազատարը և ձմռանը անջատելով էլեկտրականությունը՝ Ադրբեջանն ու նրա առաջնորդները զրկում են 30 000 արցախցի երեխաների այդ իրավունքից։