«Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման ծրագրի» շրջանակներում 2023 թվականի բերքի տակ գարնանացանի կազմակերպման նպատակով` արժեքի մասնակի սուբսիդավորմամբ, որպես պետական աջակցություն, կտրամադրվեն բանջարաբոստանային և գարնանացան մշակաբույսերի սերմեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից։
Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար պարտադիր պայման են՝ մեկ ամբողջական հողատարածքի մակերեսը ոչ պակաս, քան 0.1 հեկտար լինելը, ինչպես նաև մասնագիտական հմտությունները:
Հողօգտագործողների անհատական հայտերն ընդունվում են համապատասխան շրջանի վարչակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ նախարարության կողմից:
Հայտ տալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ անձը հաստատող փաստաթուղթ, հողի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքի գրանցման վկայական:
Նշված մշակաբույսերի սերմերը կտրամադրվեն Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Տրամադրման համար հիմք կհանդիսանան շրջվարչակազմերի կողմից նախարարություն ներկայացրած, նախարարության կողմից հաստատված անվանական ցուցակները:
«Հայտնում ենք նաև, որ գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ դիզելային վառելիքի կտրոնների տրամադրման գործընթացը կիրականացվի շրջանների վարչակազմերի միջոցով՝ Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից բավարարված քանակի համապատասխան»,հավելել են գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ կտրոնները կտրամադրվեն սույն թվականի փետրվարի 1-ից: