Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։ Այս մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։
Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։