Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով արդեն 38 օր շարունակ Հանրապետություն չեն ներմուծվում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ, այդ թվում՝ պարենամթերք, որոնք Ստեփանակերտի մթերային խանութներում արդեն գրեթե բացակայում են:
Մայրաքաղաքի առևտրի խոշոր կենտրոններից մեկի մենեջեր Դիանա Համբարձումովան «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ խանութում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից ոչինչ չի մնացել։
«Մնացել են խմիչքներ, սպասք, կենցաղային իրեր։ Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները լրիվությամբ վերջացել են։ Ամենօրյա պարբերականությամբ ստանում ենք հաց և կաթնամթերք, որոնք քաղաքացիները կարողանում են գոնե դրանք ձեռք բերել»,-հավելել է Դ. Համբարձումովան։
Պատկերը նույնն է նաև մեր այցելած մյուս խանութներում, որոնցից մեկի աշխատակցուհի Անուշ Հակոբջանյանը ևս փաստեց, որ իրացման առաջին անհրաժեշտության ապրանքների պակասով պայմանավորված խնդիրը գնալով բարդանում է։
«Ունենք միայն խմիչքներ, շատ քիչ քանակությամբ կենցաղային իրեր։ Լավ է, որ գոնե ամեն օր հաց ու կաթնամթերք ենք ստանում, որի ժամանակ խանութում քաղաքացիների հերթեր են գոյանում»,-մանրամասնել է խանութի աշխատակցուհին՝ հույս հայտնելով, որ կտրոնային համակարգին անցնելով, որոշակիորեն կլուծվի նաև հերթերի խնդիրը։
Ինչպես հայտնի է՝ մայրաքաղաքում և շրջաններում գործող խանութներին հավասարաչափ տրամադրվում են պարենային որոշ ապրանքներ, որպեսզի կտրոնների միջոցով բոլոր քաղաքացիները կարողանան համաչափ օգտվել։