00:00:00

Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները. ԱԳՆ

19:17, 18 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
 
«Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։
 
Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր նաև 2022 թ․ մարտին՝ ավելի քան 20 օրով, Արցախի շրջափակման երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, ինչպես նաև հունվարի 17-ին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը միտումնավոր շարունակում է խոչընդոտել իր վերահսկողության տակ գտնվող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վերականգնման աշխատանքները, որը վթարվել էր հունվարի 9-ին։
 
Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի կազմակերպված և շարունակական շրջափակումը, ժողովրդի համար անտանելի կենսապայմանների ստեղծումը և հումանիտար աղետի խորացումը հետապնդում է մեկ նպատակ՝ ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ հայաթափելով Արցախը։ Այսպիսով Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը։
 
Այս համատեքստում միջազգային հանրության թե՛ անհատական, թե՛ հավաքական քայլերը պետք է ուղղված լինեն վաղ կանխարգելմանը: Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր