Այսօր՝ հունվարի 13-ին, Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի հարցերի նախարարության կողմից Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի դահլիճում Արցախի շրջափակման հետևանքով մայրաքաղաքի կիսված ընտանիքների երեխաների համար կազմակերպվել է միջոցառում։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում երեխաների համար ցուցադրվեց տիկնիկային ներկայացում, նրանց հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը և նվերներ բաժանեցին։
«Շրջափակման հաջորդ օրը մեր գերատեսչության աշխատակիցները ձևավորել են արագ արձագանքման խմբեր, և յուրաքանչյուրը, իր աշխատանքային գործառույթներին համապատասխան, կցվել էր այս աշխատանքին և աջակցում էր մեր հայրենակիցներին։ Ծրագրերը բազմապիսի էին, տրամադրվում էր տակդիր, հագուստ, մանկական կեր, դեղորայք։ Բայց այս ամենի կողքին կարևոր էր նաև հոգեբանական վիճակն այն երեխաների, ովքեր մնացել էին Արցախում, իսկ ծնողները՝ Հայաստանի Հանրապետությունում։ Կապ ենք հաստատել դպրոցների հոգեբանների հետ և համատեղ ուժերով կազմակերպել այսօրվա միջոցառումը, որի նպատակն է համախմբել երեխաներին, որպեսզի նրանք չկորցնեն իրենց հեքիաթն ու շարունակեն երազել, համոզված լինեն, որ իրենց կողքին ոչ միայն իրենց հարազատներն ու խնամակալներն են, այլև՝ ամբողջ հանրապետությունը՝ ի դեմս մեր նախարարության»,-ասել է գերատեսչության Սոցիալական հոգեբանության աջակցության կենտրոնի հոգեբան Ռուզաննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու։ Առաջիկայում ծրագրում կընդգրկվեն նաև գյուղաբնակ և նախադպրոցական տարիքի երեխաները։