Արցախի նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի, այս մասին հայտնում է «Ֆեյսբուք»-ում Արցախի տեղեկատվական շտաբի էջը՝ վկայակոչելով երկրի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.
Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։
Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:
Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը:
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։