Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։
«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:
Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: