ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ․
«Սիրելի´ հայրենակիցներ
Տարեմուտի նախաշեմին յուրաքանչյուրս ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում անելիքները:
Անցնող տարին բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: 2022 թվականին տեսանելի և շոշափելի աշխատանք է կատարվել ինչ-որ չափով թեթևացնելու 2020 թ աշնանային արյունոտ պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:
ԱՀ խորհրդարանն անցած տարվա ընթացքում նույնպես հավատարիմ է մնացել իր ստանձնած առաքելությանը: Բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, հայտարարությունները և Ազգային ժողովի խմբակցությունների գործունեությունը միտված էին միմիայն Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերին:
Ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքում պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ շարունակում ենք դիմագրավել աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներին:
Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական և ապրելու իրավունքի իրացման խնդրի առջև: Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին:
Թանկագի´ն հայրենակիցներ
Լիահույս եմ' Աստծո օրհնությամբ ու հավատով լցված' կհաղթահարենք այս ճգնաժամը ևս:
Կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու մեր հայրենակիցների ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային պետական շահերին ուղղելու անհրաժեշտությունը:
2023թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ուժերի մեկտեղում՝ ի սպաս և ի նպաստ բոլորիս:
Դժվարություններով և փորձություններով անցած 2022 թվականից քաղած դասերը, արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տան:
Բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում բոլորիս»: