00:00:00

Թուրքիայի հասարակությունը պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ Հայաստանի իրադարձություններին թուրքական մամուլը ոչ շատ ակտիվ, բայց այնուամենայնիվ նեյտրալ դիրքերից տեղեկատվություն էր տալիս՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին նա նշեց, որ միայն ընդդիմադիր թերթերից մեկը Հայաստանի զարգացումները անվանեց այնպես, ինչպես մեզ մոտ է ընդունված՝ թավշյա հեղափոխություն, իսկ մյուսները՝ ընդվզում, ըմբոստություն էին համարում: «Այսօր Թուրքիայի մեդիա դաշտի 90 տոկոսը վերահսկվում է Թուրքիայի իշխանության կողմից, և տարբերվող կարծիք գտնելը դժվար է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ թեև Թուրքիան այս անգամ չի շեշտել Արցախի ադրբեջանամետ լուծումը որպես նախապայման, սակայն նա իր նախապայմաններից չի հրաժարվել: «Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա»,-ասաց նա: Թուրքագետն ասաց, որ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխությունների համար շատ բան կախված է տարածաշրջանային զարգացումներից և հիշեցրեց, թե ինչպես սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, ամբողջ ֆուտբոլային դիվանագիտությունը, որը հենց կախված էր նաև տարածաշրջանային զարգացումներից: «Թուրքիայի համար Նիկոլ Փաշինյանը անհայտ գործիչ է, և նրանք ոչինչ չգիտեն նրա մասին, բացի վերջին մի քանի պաշտոնական հրապարակումներից, որ արել է նիկոլ Փաշինյանը և կենսագրությունից»,-ասաց նա: Ամեն դեպքում թուրքագետը նշեց, որ թեև հիմա չեն նախանշվում հայ-թուրքական հարաբերություններում գործընթացներ, առավել ևս Թուրքիայի հասարակությունը պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, և Հայաստանը այդքան էլ իրենց համար հետաքրքիր չէ, բայց ոչինչ բացառել հնարավոր չէ, և եթե որոշակի գործընթաց լինի, ապա ներկայիս վարչապետի ունեցած լեգիտիմությունը կարևոր գործոն է, որ քիչ զիջող լինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր